Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին Կիրանց գյուղից տարածքներ հանձնելուց հետո խաթարվել են Կիրանցի խմելու և ոռոգման ջրի համակարգերը։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 18-ին որոշել է․ «Հաշվի առնելով տարածաշրջանային կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությունը՝ թույլատրել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի շրջանակում Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի խմելու և ոռոգման համակարգերի կառուցման, Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի կառուցման և Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի հենապատի կառուցման համար նախագծերի կազմման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել հրատապության կարգով»։ Մարզպետը որոշել է այդ աշխատանքների գնումներն իրականացնել հրատապ՝ մեկ անձից գնում կատարելու ձևով։
Ոսկան Սարգսյան